Ես Հայաստան եմ եկել առանց չինացի մարզիկների, քանի որ եկել եմ տեսնելու, թե ինչպես են եվրոպացիները պայքարում քունգ-ֆու մարտարվեստում: Խոստանում եմ, որ հաջորդ այցիս ժամանակ ինձ հետ կբերեմ ուժեղ մարզիկների, որոնք իրենց փորձը կփոխանցեն հայ մարզիկներին:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, շաոլինյան մարտարվեստի վարպետ, Չինաստանի մարտարվեստի տասը ժամանակակից առասպելներից մեկի վարպետ Ֆու Բյաոն:
Ապրիլի 13-15-ը Հայաստանում տեղի կունենա քունգ-ֆուի Եվրոպայի բաց առաջնությունը՝ նվիրված Երեւանի հիմնադրման 2800-ամյակին:
«Հայաստանում առաջին անգամ եմ: Շատ ուրախ եմ, որ այս մեծ միջոցառումը նախաձեռնել եւ հյուրընկալել է Հայաստանը: Սա, իսկապես, շատ կարեւոր իրադարձություն է ինչպես Հայաստանի, այնպես էլ հայ մարզիկների համար: Ինձ շատ է դուր գալիս Հայաստանի մշակույթը: Ինձ ասում են, որ ես շատ հայտնի եմ, սակայն իրականում այդքան էլ հայտնի չեմ, ես ուղղակի մարդ եմ, որը սիրում է քունգ-ֆուն եւ զբաղվում է աշխարհում այս մարտարվեստի մշակույթի տարածմամբ: Լինելով քունգ-ֆուի վարպետ ու միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ՝ ինձ համար մեծ պատիվ է լինել Եվրոպայի բաց առաջնության պատվավոր հյուրը: Կհետեւեմ հայ եւ եվրոպացի մարզիկների պայքարին»,- ասաց Ֆու Բյաոն:
Հայաստանի քունգ-ֆուի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանը հայտնեց, որ Եվրոպայի բաց առաջնությանը կմասնակցեն 14 երկիրի թիմեր, այդ թվում՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Իրանից, Չինաստանից ու ԱՄՆ-ից:
«Հայաստանից կմասնակցի 22 մարզիկ մի քանի ոճերում: Այս առաջնության անցկացումը մեզ համար շատ կարեւոր է, քանի որ կնպաստի Հայաստանում քունգ-ֆու մարտարվեստի տարածմանն ու զարգացմանը: Նման առաջնությունների անցկացումը կարեւոր է եկող սերնդի համար: Մենք ունենք կարգախոս՝ առողջ մարմին, արթուն միտք եւ ազնիվ հոգի. այս կարգախոսով էլ հայ մանուկների մեջ սերմանում ենք քունգ-ֆուի մշակույթը: Առաջիկայում ունենք նաեւ քունգ-ֆուի աշխարհի առաջնություն եւ այս Եվրոպայի առաջնությունը նաեւ որոշիչ կլինի Հայաստանի թիմի կազմի ընտրության հարցում»,- ասաց Սարգիս Հարությունյանը:
Քունգ-ֆուի Եվրոպայի առաջնության բացումը տեղի կունենա ապրիլի 14-ին՝ ժամը 11-ին, նախկին «Միկա» մարզաhամալիրում։ Մուտքն ազատ է։
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Էմմա Ասատրյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում